Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ֆրանսիայի ԱԺ և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերը պահանջում են Սյունիքի մարզում բացել Ֆրանսիայի հյուպատոսական ներկայացուցչություն

Ֆրանսիայի ԱԺ և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերը պահանջում են Սյունիքի մարզում բացել Ֆրանսիայի հյուպատոսական ներկայացուցչություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կարող է կարևոր քայլ կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար՝ հյուպատոսական ներկայացուցչություն բացելով Սյունիքում, մարզային մայրաքաղաք Կապանում կամ Գորիս քաղաքում, ինչպես արդեն արել են այլ երկրներ։ Դա ուժեղ քայլ կլինի՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության, ինչպես նաև կհանդիսանա արժեքավոր ֆորպոստ Ֆրանսիայի ու Հայաստանի միջև համագործակցության զարգացման առումով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս առաջարկությամբ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննային պաշտոնական նամակով դիմել են Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լոուրենս Պետելը և Սենատում համանուն խմբի նախագահ Ժիլբերտ Լյուկ Դեվինազը։

Ֆրանսիացի օրենսդիրների դիտարկմամբ՝ թեև Հայաստանի Հանրապետության հարավում գտնվող Սյունիքի մարզն ամենաքիչ բնակեցված լեռնային շրջանն է, այդուհանդերձ, չնայած իր աշխարհագրական մեկուսացմանը, 4500 ք/կմ տարածքով կենտրոնական տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հարցերում՝ նախևառաջ իր ընդերքում առկա օգտակար հանածոների հարստության պատճառով, որոնց շահագործումը Հայաստանի տնտեսության էական մասն է կազմում։

«Սյունիքը թեև կապված է Երևանի հետ միայն մեկ լեռնային ճանապարհով, այնուամենայնիվ հանդիսանում է էական միջանցք՝ Իրանի հետ սահմանով արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար։ Ընդամենը 35 կմ երկարությամբ հայ-իրանական սահմանը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ 2020 թվականի աշնանը այն նաև միակն էր, որ բաց մնաց քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում՝ պաշտպանելով Հայաստանին լիակատար շնչահեղձությունից»,- նշված է Ֆրանսիայի արտգործնախարարին ուղղված նամակում։

«Ի վերջո, Սյունիքի հանդեպ նկրտումներ ունի ադրբեջանական վարչակարգը, որը ցանկանում է հասնել Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի ցամաքային միացմանը։ Այդ հավակնությունն ավելի մեծ պանթուրքական ծրագրի մի մասն է, որի նպատակն է կապել Բոսֆորի թյուրքական բնակչությանը Կասպից ծովի տարածաշրջանի հետ: Այս համատեքստում, երբ ռազմական անհավասարակշռությունն ամեն օր աճում է հօգուտ Ադրբեջանի, վերջինիս կողմից իրականացվելիք հնարավոր նոր ագրեսիան կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Նշված սպառնալիքին դիմակայելու համար Հայաստանը քիչ դաշնակիցներ ունի։ Դրանց թվում Ֆրանսիան ՀՀ-ի տարածքային ամբողջականության և հայ բնակչության անվտանգության երաշխավոր հանդիսացող ամենանվիրյալ պետություններից է»,- նշել են ֆրանսիացի օրենսդիրներն իրենց նամակում՝ ևս մեկ անգամ շեշտելով Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսական ներկայացուցչություն բացելու անհրաժեշտությունը։  




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am